«Պիեսը հենց մտնում է թատրոն, նոր գույն է ստանում»
09.06.2020 | 01:08
Երիտասարդ դրամատուրգ ԱՐՇԱԿ ՍԵՄԻՐՋՅԱՆԻ հետ զրուցի առիթը նրա «Դու էիր պակաս» պիեսների առաջին ժողովածուն է։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։
-Ժողովածուն ի՞նչ սկզբունքով եք կազմել, բեմադրված պիեսներ տեղ գտե՞լ են այս գրքում։
-Ընտրել եմ զուտ ժամանակային առումով։ Այս գրքում տեղ են գտել իմ առաջին շրջանի (2011, 2012, 2013) պիեսները, բացառությամբ՝ «Դարպասները բացվում են» պիեսի, որ գրվել է 2017-ին։ Բեմադրված են «Դու էիր պակաս» և «Դարպասները բացվում են» պիեսները։ Բեմադրված մյուս աշխատանքներս հրատարակվելու են հաջորդ ժողովածուում։ ՈՒզում էի ընթերցողը մեկ գրքում ծանոթանա և՛ բեմադրված, և՛ դեռևս չբեմադրված, նաև չտպագրված գործերին։ Առաջին շրջանի գործերս մեր ժամանակների մասին են։ Կարելի է ասել՝ փորձարարական գործեր են, տեսնենք, թե ինչ արձագանք կգտնեն։ Շնորհանդեսը հայտնի պատճառներով հետաձգվեց, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի ու առաջիկայում այն կկայանա։ Շնորհանդեսի վայրն արդեն որոշված է և համաձայնեցված՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահ։ Ի դեպ, գիրքն արդեն առկա է «Բուկինիստ» գրախանութում։
-Երկրորդ գիրքը, որքան հասկացա, ուրվագծվել է, գուցե արդեն պատրա՞ստ է։
-Այս պահին 15 պիես ունեմ, այս գրքում ընդգրկված է 5-ը, հաջորդում կընդգրկեմ նույնքան գործ։ Ավելի հետաքրքիր է, երբ բազմակետ ես թողնում, միանգամից բոլոր գործերը չես ներկայացնում։ Հավանաբար երկրորդ գիրքս կվերնագրեմ «Թանկարժեք դիակ»։ Նույնանուն պիեսս և՛ աղմուկ է բարձրացրել, և հաջողություն գրանցել։ Բեմադրվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, թարգմանվել է ռուսերեն, հրատարակվել Մոսկվայում։
-Ձեր պիեսներն ունե՞ն կոնկրետ ուղղվածություն, թեմատիկ ընդհանուր գիծ։
-Կոնկրետ ուղղվածություն՝ ոչ, բայց դրամատուրգը պետք է ձեռագիր ունենա։ Տարբեր մասնագետների, նաև ընթերցողի կարծիքն եմ ասում, որ եթե չիմանան՝ ով է հեղինակը, գործերը կարդալով, զուտ ոճից, երկխոսություններից, անգամ սյուժեից կարող են կռահել հեղինակին։ Դա ինձ ուրախացնում է։
-ՈՒնե՞ք գործեր, որ զուտ ընթերցելու համար են, ո՛չ բեմադրելու։
-Դրամատուրգիան գրականության միակ ժանրն է, որը ներառում է և՛ գրականություն, և՛ թատրոն։ Պիեսը մի նրբություն ունի, գրվում է՝ հենց բեմադրվելու համար, կարծում եմ, չի կարող լինել զուտ ընթերցանության համար։ Այլ հարց է, որ որոշ գործեր դեռ չեն բեմադրվել, հնարավոր է՝ չբեմադրվեն էլ, բայց ըստ իս, բոլորն էլ խաղարկային են։ Դավիթ Մուրադյանը գրքիս նախաբանում հենց այդ մասին է ասում, որ այս պիեսները դերասանին տալիս են խաղանյութ։ Սա առաջնահերթ է պիեսի համար։
-Ասում են՝ պիեսը պետք է գրվի թատրոնում։ Թատրոնի հետ նման անմիջական-կենդանի կապ ունեցե՞լ եք։
-Իմ դեպքում այդպես չի եղել, որ ի սկզբանե ստեղծվի թատրոնում, բայց երբ «Դու էիր պակաս» պիեսս բեմադրվեց Պարոնյան թատրոնում (2018), ունեցա այդ փորձառությունը։ Հեղինակը պիեսը գրում է տանը՝ իր համար, ու որքան էլ լավ պատկերացնի բեմը, խաղը, երբ պիեսը մտնում է թատրոն, ու սկսվում են բեմադրական աշխատանքները, շատ բաներ ուրիշ տեսանկյունից ես տեսնում։ Հարցն այն չէ, որ գրվածը վատն է կամ սխալ, ոչ, պիեսը հենց մտնում է թատրոն, նոր գույն է ստանում։ «Դու էիր պակասը» բեմադրվելիս մոտ 70 տոկոսով փոխվեց։ Իմ սիրելի Վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը, կարդաց, հավանեց, ու նրա առաջարկով՝ հարբեցող տղամարդը դարձավ կրկեսի ծաղրածու, անբարո կյանքով ապրող երիտասարդը՝ կիրթ ու շփոթմունքի զոհ դարձած անձ։ Այսինքն, մաքրեց պիեսն ու խորհուրդ տվեց որքան հնարավոր է կենցաղային կեղտից զերծ մնալ։ Ասաց՝ կերպարները թերի, ծիծաղելի վիճակում ներկայացրու, բայց ինչքան մաքուր ներկայացնես, այնքան ծիծաղն առողջ ու մաքուր կլինի, իսկ կեղտի վրա ծիծաղելը կրկնակի կեղտ է բերում։
-Գրքում տեղ գտե՞լ է այդ պիեսի նախնական տարբերակը։
-Ոչ, միայն մշակված տարբերակը, որովհետև երբ համեմատեցի երկու տարբերակները, տեսա, որ, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում, նույն կերպարներն են, նույն իրավիճակները, պարզապես, ինչպես արդեն ասացի, գույնն է փոխվել և ավելի մաքուր հոտ է գալիս պիեսից։
-Տարաձայնություններ չե՞ն եղել։ Ռեժիսորը, ի վերջո, կարող է գլխիվայր փոխել գործը, և ռեժիսորի մոտեցումն ու մեկնաբանությունը միշտ չէ, որ հեղինակի սրտով են լինում։
-Բուռն վեճ չի եղել ոչ մի թատրոնում, փորձում ենք մեկտեղել և՛ իմ, և՛ բեմադրիչի, և՛ գեղարվեստական ղեկավարի կարծիքները։ Շատ անգամ ես զիջում եմ, երբ զգում եմ՝ կարծիքների բազմազանությունը բխում է պիեսի շահերից։ Իհարկե, եթե զգամ, որ ուզում են կոտրել պիեսը, տակը ոչինչ չթողնել, որ ես դահլիճից նայեմ ու ասեմ՝ ո՛չ սյուժեն է իմը, ո՛չ կերպարները, ո՛չ էլ իրավիճակները, չեմ համաձայնի փոփոխություններին։ Բայց ռեժիսորական գույներին չեմ միջամտում։ Ես արդեն իմ գույնը տվել եմ, ես տեսել եմ մանուշակագույնը, բեմադրիչը՝ գազարագույնը, կարևորը ինքը դուրս չի գալիս իմ թեմայից, շեշտադրումներից, գաղափարից, գերխնդրից։ Սրանք շատ կարևոր բաներ են։
-Ասում են՝ պիեսը, ի տարբերություն գրականության մյուս ժանրերի, պետք է սովորել գրել։ Համամի՞տ եք։
-Եթե հեղինակը պատմվածք է գրում, ու մի քիչ օժտված է բնությունից, կարող է մտքերը շարադրել-պատմել ինչպես ուզում է։ Պիեսն ունի որոշակի կառուցվածք, նրբություններ։ Իզուր չեն ասում՝ դրամատուրգը եթե դերասան չլինի, գոնե պիտի խաղացած լինի բեմում, որ զգա բեմի շունչը։ Դրամատուրգը, պիեսը գրելիս, պիտի հաշվի առնի, որ գրում է բեմի համար ու, այսպես ասած, չափագրի։ Ինչպե՞ս է ճարտարապետը, մի գործ ձեռնարկելիս, նախագծում, չափագրում, որ ստանա գեղեցիկ կառույց, նույնն էլ պիեսի դեպքում է։ Ինձ ասում են՝ քո պիեսները լավ ես «կարում», այսինքն, ես կարում եմ՝ հարմարեցնում բեմի համար։ Պիեսը պետք է ոչ թե պատմի, այլ ցույց տա։ Սրանում է պիեսի առանձնահատկությունը, բայց, իհարկե, միևնույն ժամանակ այն գրական ժանր է համարվում։ Բայց «սովորել» ասվածին մի քիչ համաձայն չեմ։ Պիտի դրամատուրգիական հոտառություն ունենաս։ Թատերական ինստիտուտում, որտեղ սովորում եմ նաև ես, չեն սովորեցնում պիես գրել, սովորեցնում են հղկել արդեն գրված պիեսը։
-Գիրքը կարո՞ղ է ճանապարհ հարթել նոր բեմադրությունների համար, ընթերցողին հասնելուց զատ՝ պիեսներն ի՞նչ կյանք կունենան։
-Ինչ կյանք կունենան՝ չեմ կարող ասել, բայց, իհարկե, շնորհանդեսից հետո ես դրանք կտրամադրեմ թատրոններին, հնարավոր է՝ ռեժիսորները բեմադրելու հարմար գործեր գտնեն։ Երկրորդ ժողովածուիս մեջ լրիվ այլ ուղղվածության գործեր են։ Գուցե եթե ոչ առաջին ժողովածուն, երկրորդը գրավի ռեժիսորների ուշադրությունը։ Ի դեպ, երկրորդում տեղ է գտնելու նաև «16-րդ սենյակ կամ գիշերային հարսանիք» կատակերգությունս, որն անցյալ տարի Գրքի երևանյան փառատոնում դրամատուրգիա անվանակարգի 1-ին մրցանակին արժանացավ։ Եվ իհարկե՝ «Թանկարժեք դիակը»։ Մյուս գործերը նորություն են և՛ ընթերցողի համար, և՛ թատերական գործիչների:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ